Ֆրանսիայում գտել են երկու ամիս առաջ կենդանաբանական այգուց փախած կենգուրուին
Ֆրանսիայում Սեն-Մարտեն-լա-Պլեն կենդանաբանական այգուց փախած վալաբի կենգուրուին միայն երկու ամիս անց գտել են: Կենդանուն վերադարձրել են կենդանաբական այգի, առաջիկայում անասնաբույժը կզննի նրան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղական Progres հրատարակությանը:
Թերթի տեղեկություններով, կենգուրուն կենդանաբանական այգուց փախել էր դեռ մայիսի 5-ին՝ «օգտվելով ցանկապատի անցքից»:
Կենդանաբանական այգու ներկայացուցիչ Ռոմեն Կայոն հաղորդել է, որ կենդանին իրեն լավ է զգում. «Ինձ թվաց նա ջրազրկվել է, բայց տարվա այս եղանակին, նա կարողացել է մեծ քանակությամբ խոտ գտնել: Երկուշաբթի անասնաբույժը նրան կստուգի», — ասել է Կայոն:
Նրա խոսքով, ազատության մեջ լինելով, կենդանին բնակիչների համար վտանգ չի ներկայացրել: «Բնակչության համար որեւէ վտանգ չի եղել: Միայն իր համար: Նա կարող էր վրաերթի ենթարկվել», — նշել է Կայոն: