Չհայտարարված այց «Արմավիր» ՔԿՀ. բողոքել են պայմանական վաղաժամկետ ազատման համակարգից
Մարդու իրավունքները պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ: Պաշտպան Արման Թաթոյանին ազատազրկման վայրերում գտնվողների հարազատները դիմել էին կառավարության հունիսի 28-ի նիստից հետո՝ ազատազրկվածների իրավունքների պաշտպանության հարցով: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Ինչպես Պաշտպանին դիմած քաղաքացիների, այնպես էլ ազատազրկվածների բողոքների հիմնական մասը վերաբերել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում առկա խնդիրներին: Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաեւ ազատությունից զրկված այլ անձանց հետ։ Ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը և դրանց համապատասխանությունը պահանջներին:
Արձանագրված մի շարք խնդիրներ քննարկվել են ՔԿՀ-ի վարչակազմի հետ եւ տեղում ստացել լուծումներ, այդ թվում՝ կապված դատապարտյալի խուցը փոխելու, դատապարտյալի կողմից տրված լիազորագիրը հաստատելու, պատշաճ բժշկական օգնության ցուցաբերման հետ։ Բարձրացված մնացած հարցերը կքննարկվեն գրավոր ընթացակարգով: