Հայկական հյութի և կոկա կոլայի միջև ընտրություն կատարելիս նորմալ ռուս սպառողը կընտրի հյութը. Վլադիմիր Մեդինսկի
Ռուսաստանն ու Հայաստանը ուղղակի ռազմավարական գործընկերներ չեն՝ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են հարյուրամյակների բարեկամության, իրավահավասարության, փոխադարձ շահի սկզբունքների հիման վրա։ Այս մասին հունիսի 29–ին Երեւանում կայացած Հայ–ռուսական 7-րդ միջտարածաշրջանային ֆորումում հայտարարել է ՌԴ մշակույթի նախարար, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
Նրա խոսքով, այդ հարաբերություններում շրջանների միջեւ անմիջական կապերը հատուկ տեղ են զբաղեցնում, եւ հենց դրանց վրա են հիմնվում շուկաների բաց լինելու, առեւտրի ազատության եւ իրավահավասարության հիմնարար սկզբունքները հարաբերություններում. «Հաճելի է ընդգծել, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական արտաքին տնտեսական գործընկերն է, նրա մասնաբաժինը հանրապետության արտաքին առեւտրի հաշվեկշռում գրեթե 30 տոկոս է, եւ ամեն տարի ապրանքաշրջանառության աճ է գրանցվում՝ համաձայն ընթացիկ վիճակագրության՝ միայն 2018 թվականին նախորդ տարվա ցուցանիշի համեմատ ապրանքաշրջանառության աճը կազմել է 36 տոկոս»,–նշել է Մեդինսկին։
Նա հավելել է, որ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունից ի վեր հայկական սննդամթերքները առաջատար դիրք են զբաղեցնում ռուսաստանյան շուկայում լայն տեսականու եւ ներկայացվածության առումով:
«Հայկական ապրանքների վաճառքի ծավալը ՌԴ–ում ամեն տարի ավելանում է։ Մենք նախաձեռնում ենք համակարգային պետական որոշումներ, որոնք նպատակաուղղված են տարբեր արգելների վերացմանը, օրինակ, վերահսկողություն իրականացնող ռուսական եւ հայկական գերատեսչությունները իրականացնում են էլեկտրոնային անասնաբուժական սերտիֆիկացիայի էլեկտրոնային համակարգի ինտեգրման նախագիծ, որը թույլ կտա դյուրացնել արտադրանքի ձեւակերպման կարգը»,–ասել է նախարարը։
Միաժամանակ, նա շեշտել է ռուսական առեւտրային ցանցերի եւ հայկական արտադրողների միջեւ լրացուցիչ ուղղակի կապերի կարեւորությունը։ «Հայկական հյութի եւ կոկա կոլայի միջեւ ընտրություն կատարելիս նորմալ ռուս սպառողը կընտրի հյութը»,–նկատել է նա։
Նախարարի համոզմամբ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կապերի զարգացման գործում կարեւոր է համագործակցությունը հումանիտար ոլորտում, կրթության, գիտության եւ մշակույթի, եւ, իհարկե, էներգիայի ասպարեզում։