Կարբիի բնակիչները փակեցին Գարեգին Նժդեհ փողոցը՝ ի նշան Նազարեթյան եղբայրների կալանավորման
Կարբի համայնքի բնակիչները երթով շարժվում են գլխավոր դատախազություն՝ ի նշան բողոքի գյուղի բնակիչներ Օգսեն և Գուրգեն Նազարեթյան եղբայրների կալանավորման։ Վերաքննիչ դատարանը չփոխեց խափանման միջոց կալանքը.
Դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Կարբիի բնակիչները որոշեցին երթով շարժվել դեպի Գլխավոր դատախազություն:
Օգսեն եւ Գուրգեն Նազարեթյաններին մեղադրանք է առաջադրվել մայիսի 27-ին գյուղում տեղի ունեցած միջադեպով՝ խուլիգանության հոդվածով: Մայիսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել Գուրգեն և Օգսեն Նազարեթյան եղբայրների մասնակցությամբ: Վերջիններս քննվել են Արագածոտնի մարզային վարչության կողմից, սակայն խափանման միջոցը չի ընտրվել կալանավորումը: Դրանից հետո դատախազը բողոքարկել է, որից հետո հունիսի 27-ին Գուրգեն Նազարեթյանի խափանման միջոցը փոխվել է՝ ընտրվել է կալանավորումը որպես խափանման միջոց:
Երեկ՝ հունիսի 28-ին, փոխվեց նաև մյուս եղբոր՝ Օգսեն Նազարեթյանի խափանման միջոցը: Այժմ երկուսն էլ անազատության մեջ են:
Օգսեն Նազարեթյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ կալանավորման որոշումն ապօրինի է եւ դրա համար հիմքեր չկան:
«Առաջին ատյանի դատարանը համարել էր, որ հիմնավոր կասկածը առկա չէ, որ Գուրգեն Նազարեթյանը կատարել է հանցագործություն, եւ առաջին ատյանի դատարանը գտել է, որ Գուրգեն եւ Օգսեն Նազարեթյանները չեն կարող կալանավորվել: Ի զարմանս մեզ՝ Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի որոշումը եւ կալանավորեց Գուրգեն Նազարեթյանին, որը ես ակհայտ ապօրինի եմ համարում, քանի որ ակնհայտ անմեղ մարդը հայտնվեց անազատության մեջ: Մենք, իհարկե, ուսումնասիրում ենք, թե ինչու դատավոր Մնացականյանը նման որոշում կայացրեց եւ ինչ առնչություն ունի այդ ամենի հետ: Գյուղում կա որոշակի վեճ եւ հակասություններ կան ՀՀԿ-ի եւ այս տարիներին ապօրինությունները չհանդուրժած անձանց մեջ: Այդ անձինք էլ այսօր անազատության մեջ են: Ես հուսով եմ, որ այսօր գոնե Օգսեն Նազարեթյանը չի կալանավորվի»,- ասել էր նա: