Վարչապետի օգնականն ընդունեց կառավարության շենքի դիմաց բողոքող զինվորի մորը, ով պնդում էր, թե իր որդուն բանակում ծեծում են (տեսանյութ)
Կառավարության շենքի դիմաց բղավող Արուսիկ Մարտիրոսյանին, ով պնդում է, որ իր որդուն Մարտակերտի զորամասում ծեծի են ենթարկել, և վարչապետի հետ հանդիպում էր պահանջում, ընդունեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
Քիչ ավելի ուշ տիկինը դուրս եկավ կառավարությունից և լրագրողներին հայտնեց, որ իրեն խոստացել են 3 օրվա ընթացքում հարցին լուծում տալ և իրեն զանգահարել, տեղեկացնել:
«Ամենակարևորն իմ տղայի առողջական վիճակն է, որ իրեն ուղարկել են Արցախ ծառայության: Երբ ես զինկոմիսարիատում ասում էի, որ իմ տղան խնդիր ունի, ինձ պատասխանեցին՝ քո տղային այստեղ մի թող, որ հանցագործ չդառնա»,- ասաց նա և նշեց, որ իր տղային բանակում լավ չեն վերաբերվել, 45 համարի կոշիկ հագնող իր տղային ստիպել են հագնել 43 համարի կոշիկ:
«Մինչև իրականությունը ջրի երես դուրս չգա, ես իմ տղային թույլ չեմ տա գնալ ծառայել»,- ասաց նա և տեղեկացրեց, որ իր տղան այժմ արձակուրդում է: