Անահիտ Բախշյանը՝ «Երևան» հիմնադրամում իր նկատած չարաշահումների մասին
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին մտահոգում են «Երևան» հիմնադրամում գրանցված չարաշահումները:
«Մենք տեսնում ենք՝ ինչպես են համայնքի ղեկավարները, մասնավորապես, Երևանի քաղաքապետը քաղաքին ծառայել, ինչքանով են ծառայել: Չեմ կարող զուգահեռ չանցկացնել «Երևան» հիմնադրամի հետ՝ կապված այս թնջուկի հետ: 2016-ին հիմնադրամի մասին հարցում եմ արել, թե ինչ գույք ունի, ստացել եմ պատասխան, որտեղ 52 անուն գույք է գրված, դրանցից 24-ը ավտոմեքենաներ են, մեխանիզացիա: Հիմա ձեռքիս տակ է օրակարգ չմտած նախագծում նշված գույքի ցուցակը, որ պետք է հանձնվեր Երևանին, այս 24 անուն գույքն այդտեղ չկա, ուզում եմ այս մասին բարձրաձայնել»,- ասաց նա:
Բախշյանը նշեց, որ տեղյակ չէ՝ ԱԱԾ-ն այդ թղթերը, տոպրակները որ տարավ, դրանց մեջ այս մասին կա, թե չէ, բայց ցանկանում է բարձրաձայնել, որ թանկարժեք մեքենաների մասին հիմնադրամի գույքը Երևանին հանձնելու նախագծի մեջ չկար:
«Ո՞ւր գնացին դրանք»,- հարց ուղղեց նա: