ԵԿՄ-ն կքննարկի խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ին սատարելու հարցը. ԵԿՄ փոխնախագահ
Երկրապահ կամավորների միության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԵԿՄ-ն առաջիկա համագումարում կքննարկի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարելու հարցը:
Նրա կարծիքով՝ առաջարկը միանշանակ ընդունվելու է մեծամասնության կողմից, սակայն ԵԿՄ շարքերում ընդգրկված յուրաքանչյուր անձ ազատ է իր ընտրության մեջ:
«Մենք չենք պարտադրելու, բայց մեծամասամբ ձայնը տալու ենք ՔՊ-ին, քանի որ այն նոր իրողություն բերեց»,- նշեց Հայրապետյանը հավելելով, որ ինքն ու իր ընտանիքի անդամները մասնակցել են Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը:
«Կոտայքի մարզի երկրապահների մարզային խորհուրդն առաջիններից մեկն էր, որ հայտարարեց համաժողովրդական շարժմանն աջակցելու մասին»,- ասաց Հայրապետյանը: