Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին, որով ՌԴ-ին կոչ էր արվում հանել զորքերը Մերձդնեստրից
Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևին, որով Ռուսաստանին կոչ է արվում դուրս հանել իր զորքերը Մերձդնեստրից: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի միջազգային ծառայությունը:
Բանաձևն ընդունվել է հունիսի 22-ին՝ 64 կողմ ձայնով: Դեմ է քվեարկել 15 երկիր, 83-ը ձեռնպահ է մնացել:
Հայաստանը 15 երկրներից մեկն է եղել, որ դեմ է քվեարկել Ռուսաստանին Մոլդովայի անջատողական շրջանից զորքերը «առանց նախապայմանների և անհապաղ» դուրս հանելու կոչ անող բանաձևին: Դեմ են քվեարկել նաև Ռուսաստանը, Իրանը, Բելառուսը, Սիրիան և Հյուսիսային Կորեան: