Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը. նոր մանրամասներ
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Մելքոնյանի մահվան դեպքի բոլոր հանգամանքները։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում՝ հունիսի 22-ի ուշ երեկոյան, մարտական դիրքում արձակված կրակոցի հետևանքով։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ կրակոցն արձակվել է վաշտի հրամանատարի տեղակալի կողմից նույն վաշտի մեկ այլ պայմանագրային զինծառայողին ամրակցված ինքնաձիգից։
ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, վաշտի հրամանատարի տեղակալը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան էջում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը:
Նշենք նաև, որ մահվան հանգամանքների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: