ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում փաստաբանների նկատմամբ սոցցանցերում դրսևորվող վերաբերմունքը
ՄԻՊ հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, վերջին ժամանակներս արձանագրվում են մտահոգիչ իրավիճակներ, երբ փաստաբանների նկատմամբ սոցիալական ցանցերում հնչում են վիրավորանքներ ու սպառնալիքներ նրանց կողմից հանրային բացասական վարկ կամ ընկալում ունեցող անձի շահերի պաշտպանություն իրականացնելու պատճառով:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որոնցում հրապարակվել են այդ փաստաբանների դիրքորոշումները կապված իրենց վստահորդներին վերագրվող ենթադրյալ հանցանքի կատարման մեջ նրանց անմեղության կամ առնչության հետ, ակնհայտ է փաստաբաններին վերաբերող ծաղրանքը, վիրավորանքը, ատելության խոսքն ու փաստաբանին ուղղված սպառնալիքները: Ընդ որում, ընդդիմախոսների կարծիքը հաճախ ընդհանրապես չի հանդուրժվում, իսկ հակադարձումները հաճախ մարդու արժանապատվությունը նվաստացնող են, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ ատելություն քարոզող:
Մարդու իրավունքների պաշտպանը սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրում է նկատի ունենալ, որ իրականում փաստաբանի մասնագիտական աշխատանքն արդարադատության գործընթացի անբաժան մասն է: Առանց այդ աշխատանքի հնարավոր չէ ունենալ իրական արդարադատություն, որ հիմնված է իրավունքի գերակայության վրա:
Ուստի, չափազանց կարևոր է հասարակությունում փաստաբանի աշխատանքի վերաբերյալ իրավական ճիշտ մշակույթի և ընկալումների արմատավորումն այն մասին, որ փաստաբանի գործունեությունն ուղղված է յուրաքանչյուրի իրավաբանական օգնության իրավունքի ապահովմանը, հնարավոր ապօրինի հետապնդումից կամ ապօրինի ազատազրկումից յուրաքանչյուրի պաշտպանությանը: Փաստաբանին պետք է վերաբերվել նրա օրինավորության ու բարեխղճության կանխավարկածով: Փաստաբանին չի կարելի նույնացնել վստահորդի հետ:
Ավելի մանրամասն՝ այստեղ: