Թող բոլորը մեզ սպասեն, բայց կսկսենք ՊՆ-ից. Դ. Սանասարյան
Թող բոլորը մեզ սպասեն, բայց վերահսկողությունը կսկսենք Պաշտպանության նախարարությունից: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
«Այս կառույցին օրենքով բավականին մեծ լիազորություններ են տրված: Մենք ամբողջ պետական համակարգի, այդ թվում` ինչ-որ չափով տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողությունն ենք իրականացնելու»,- նշեց նա:
Դավիթ Սանասարյանի տեղեկացմամբ՝ այժմ ծառայության կառուցվածքային խնդիրներն են կարգավորվում, որպեսզի հնարավոր լինի սկսել աշխատանքը:
«Ստուգումներ են իրականացվելու Պաշտպանության նախարարությունում, ոչ միայն գնումների մասով, այլ առհասարակ»,- ասաց նա:
Հարցին, թե նոր խոշոր բացահայտումներ լինելո՞ւ են, Դ. Սանասարյանը պատասխանեց. «Սպասեք, կտեսնեք»: