Դրանք ավելի շատ պլաններ են. Արմեն Գրիգորյանը՝ ՍՈւ-30ՍՄ կործանիչների ձեռքբերման մասին
Նոր իշխանությունը նպատակ ունի զարգացնել Հայաստանի ԶՈւ ավիացիան, այդ նպատակով տարբեր ճանապարհներ են քննարկվում: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այսօր՝ հունիսի 20-ին հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով ՍՈւ-30ՍՄ կործանիչների հնարավոր ձեռքբերման մասին քննարկումներին:
«Ես հուսով եմ, որ հնարավորինս արագ վերջնական եզրահանգման հնարավորություն կունենանք՝ հասկանալու համար ե՛ւ ռեսուրսները, ե՛ւ դրա հնարավոր օգտագործումը, եւ թե ինչպես դրանք կարող են բարձրացնել մեր բանակի մարտունակությունը: Այս պահին դրանք ավելի շատ պլաններ են, մտքերի փոխանակում»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը:
Անդրադառնալով Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն՝ ԱԱԽ քարտուղարն ասաց, որ հայ-բելառուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, եւ զենքի վաճառքը չի համապատասխանում այն հարաբերությունների մակարդակին, որ ունենք Բելառուսի հետ:
«Մենք պետք է հասկանանք, որ խնդիրը գոյություն ունի երկար ժամանակ, պետք է հասկանանք, որ ցանկացած խնդիր միանգամից չի լուծվում, եւ մեկ անգամ բարձրաձայնելով՝ չենք կարող լուծում ստանալ: Մենք այդ առումով մտահոգություն հայտնել ենք»,- ասաց նա: