Ընտրական բարեփոխումները պետք է իրականացվեն քաղաքական համաձայնությամբ. Արմեն Աշոտյան
Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 20-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, դիմում-բողոքների հանձնաժողովի անդամ Գերո Շտորյոհանի հետ, տեեղկացնում են ԱԺ հանրային կապերի վարչությունից։
Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը կարևորել է երկու երկրների խորհրդարանների միջև առկա հարաբերությունները, դրանց զարգացման հնարավորությունները, կարևորել միջխորհրդարանական բարեկամական խմբերի միջև համագործակցության ակտիվացումը:
Ըստ աղբյուրի, կողմերն անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, գալիք խորհրդարանական ընտրություններն:
«Ընտրական բարեփոխումները պետք է իրականացվեն քաղաքական համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ և բացառապես միջազգային սկզբունքների, մասնավորապես` Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա», - նշել է Արմեն Աշոտյանը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների արդյունավետ կիրառման շուրջ. կարեւորվել է եվրոպական փորձի ուսումնասիրությունը և ըստ համապատասխանության` փորձի կիրառումը:
Գերմանացի պատգամավորը հույս է հայտնել հանդիպել Արմեն Աշոտյանին աշնանը Գերմանիայի Բունդեսթագում` որպես հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի` քննարկելու համագործակցության ևւ փոխադարձ հետաքրքրության ոլորտների բազմաթիվ այլ հարցեր: