Մանվել Գրիգորյանի պատգամավոր սանիկը լրագրողին «տուշոնկա» է անվանել
Միջադեպ է տեղի ունեցել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, Մանվել Գրիգորյանի սանիկի և ԱԺ-ում հավատարմագրված լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև: Բանն այն է, որ լրագրողը պատգամավորից հետաքրքրվել է.
«Երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ երեք պատգամավոր դեմ է արտահայտվել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու որոշմանը, արդյո՞ք դեմ քվեարկածներից մեկը դուք եք»: Կարապետյանը պատասխանել է, որ երեկ արդեն մի քանի լրատվամիջոցի տեղի ունեցածի առնչությամբ պարզաբանում տվել է:
Լրագրողն այնուհետև հարցրել է. «Սպասելի էր Ձեզ համար, որ Ձեր քավորը «տուշոնկա» կգողանար»: Կարապետյանը հարցով է պատասխանել, թե սպասելի էր արդյո՞ք լրագրողի համար:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մանվել Գրիգորյանը եղել է Անդրանիկ Կարապետյանի հարսանիքի քավորը և մտերիմ հարաբերությունների մեջ են եղել, լրագրողը հարցրել է՝ արդյո՞ք վերջինս օգտվել է այդ բարիքներից, մասնավորապես՝ «տուշոնկայից»:
Անդրանիկ Կարապետյանն էլ վիրավորել է լրագրողին: «Այ տուշոնկա»,- ասել է նա լրագրողին: Լրագրողն էլ ի պատասխան նրան է անվանել նույն կերպ:
Ավելի ուշ խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Կարապետյանը հայտարարեց, որ լրագրողի հարցը դիտարկել է որպես անձնական վիրավորանք և դրա համար է նման կերպ արձագանքել: Նա ներողություն խնդրեց Փայլակ Ֆահրադյանից:
«Ինձ ասում է դուք ազգականներ եք, հետո ասում է՝ դուք օգտվել եք այդ տուշոնկայից։ Բա դա վիրավորակա՞ն չէ։ Լրագրողներն իրավունք ունեն պրոֆեսիոնալ հարցեր ուղղել և սպառիչ պատասխան ստանալ, բայց անձնական վիրավորանք ոչ ոք թույլ չի տա։ Ես դա վիրավորական եմ համարում։ Իրեն հարգող յուրաքանչյուր տղամարդ, կապ չունի՝ ԱԺ պատգամավոր է, թե ուղղակի քաղաքացի, պետք է դրանից վիրավորվի», - ասաց նա։