«Կուտակային կենսաթոշակների մասին» նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ՝ 79 կողմ 2 դեմ և 7 ձեռնպահ քվեարկությամբ:
Վարման կարգով խոսեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարեց, որ Ծառուկյան դաշինքը մշտապես դեմ է արտահատվել պարտադիր բաղադրիչի ներդրմանը:
«Մեր սկզբունքային դիրքորոշումը չենք փոխել, այդուհանդերձ ներկայացված տարբերակը որոշակի մեղմում է բեռը երիտասարդ ընտանիքների բեռը: Քննարկելով գործընկերների հետ` կքվեարկենք կողմ՝ պայմանով, որ կառավարության հետ շարունակելու ենք քննարկումները պարտադիր բաղադրիչն ընդհանրապես հանելու համար»,-ասաց նա:
Վարման կարգով խոսեց նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով նույնպես հիշեցրեց՝ իրենց սկզբունքային դիրքորոշումը հայտնել են, բայց այս նախագծին կքվեարկեն ձեռնպահ:
Ըստ նրա, նախագիծը թեև որոշակի փոփոխություն է կրել, բայց պարտադիր բաղադրիչը մնում է:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ նախաքայլ պետք է կատարվի, որից հետո քննարկումները շարունակվելու են: «Պարտադիր կուտակայինն իր էջով փակված չէ»,-ասաց նա: