Որքան է Հովհաննես Հովսեփյանի կարողությունը

Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի կարողության մասին տեղեկանում ենք Նրա գույքի և եկամուտների հայտարարագրից: Նրա անշարժ գույքի քանակը հասնում է 12-ի, մասնավորապես` Հովսեփյանն ունի 6 բնակարան, 1 ավտոկայանատեղի, 5 հողամասեր, որոնց գտնվելու վայրերն ու մակերեսները հրապարակված չեն: Այս մասին գրում է 168.am-ը:
Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Հովսեփյանը որևէ շարժական գույք չի նշել:
Հովսեփյանը 2 մլն դոլար փոխառություն է հայտարարագրել, ունի թանկարժեք նկարների հավաքածու:
Նրա դրամական միջոցները կազմում են 1 մլն 515 հազար դոլար և 173 մլն դրամ:
Այս տարվա հունվարից մինչև ապրիլ, երբ Հովսեփյանն ազատվել է աշխատանքից, նրա եկամուտը գոյացել է աշխատանքի վարձատրությունից` գրեթե 3.2 մլն:
Հովհաննես Հովսեփյանի հարստության զգալի մասը, ինչպես ցույց են տալիս Հ. Հովսեփյանի գույքի և եկամուտների հայտարարագրերը, կուտակվել է տարբեր նվիրատվություններից: Նախկին տարիներին Հովսեփյանը միլիոնավոր դոլարների նվիրատվություններ է ստացել:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը Հովհաննես Հովսեփյանը զբաղեցրել է 2008-ից մինչև 2016 թվականի մարտը, ապա նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, իսկ 2017թ. մայիսին կրկին ստանձնել էր Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները:
Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել էր, թե իր ստացած միլիոնավոր դոլար նվիրատվություններն իրեն է տրամադրել ՌԴ-ում բնակվող եղբայրը: