«Բացարձակ կարևոր չէ, թե ինչ կարգավիճակ ու կոչում կունենա, բոլորը հավասար են օրենքի առջև». Փաշինյան

Երբեմն տպավորություն եմ ստանում, որ մեր իրավապահ համակարգի որոշ կառույցներ դադարի վիճակում են: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության արտահերթ նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նրանց թվում է, որ կոռուպցիան արմատախիլ անելու մասին հայտարարությունները կարող են շարքային հայտարարություններ լինեն, ժամանակը կանցնի եւ բոլորը կմոռանան, թե ինչի համար էին հավաքվել: Ես չգիտեմ, թե ով կմոռանա, ով չի մոռանա, բայց ես չեմ մոռանա: Ես հույս ունեմ, որ իրավապահ համակարգը լրջորեն կմտածի կոռուպցիայի դեմ պայքարի իր արդյունավետությունը բարձրացնելու մասին, եւ մենք ստիպված չենք լինի այս թեմային մի քանի անգամ անդրադառնալ: Մենք այս թեմային կանդրադառնանք առաջիկայում այս թեմայով հրավիրվելիք խորհրդակցության ընթացքում եւ դա այդ ֆորմատով կլինի մեր վերջին խոսակցությունը, որից հետո կակնկալենք կոնկրետ արդյունքներ»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ բացարձակ կարեւոր չէ, թե ով կհանդիպի կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին իրենց. «Բացարձակ կարեւոր չէ, թե ինչ կարգավիճակ ու կոչում կունենա: Բոլորը հավասար են օրենքի առջեւ եւ օրենքի խնդիրն է դա իրագործել»:
Նշենք, որ Կառավարությունում արտարհերթ նիստ է ընթանում, որի օրակարգում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիության հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցն է: