Մ. Գրիգորյանը Արցախի հերոս է, սա ոչ ոք չի ժխտում, բայց դա չի նշանակում, որ կարելի է ճակատում կռվող զինվորների համար ուղարկված օգնությունը գողանալ. Փաշինյան
Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը՝ նշելով. «Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու, այլև զինվորի բաժինը գողանալու կասկածանքով». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը մանրամասնեց, որ կասկածներ կան, որ Մանվել Գրիգորյանը յուրացրել է նաև բանակի համար նախատեսված մեքենաները:
«Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է, ու սա ոչ ոք չի ժխտում, բայց դա չի նշանակում, որ հերոսին կարելի է ճակատում կռվող զինվորների համար ուղարկված օգնությունը գողանալ ու դրանով կերակրել իր արջերին ու վագրերին: Ուզում եմ նաև, որ չխախտվի որևէ մեկի անմեղության կանխավարկածը, նրա մեղքը կապացուցի դատարանը»,- ասել է նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում սկսվել է կոռուպցիայի դեմ ահեղ պայքար, սա նշանակում է՝ քրեական, կոռումպացված, ազդեցիկ որոշ մարդկանց հանել այդ համակարգի դեմ, որոշ մարդիկ կարծում են, որ դա սխալ ճանապարհ է, ու ավելի լավ է հարմարվել, որպեսզի ամեն ինչ լավ լինի բոլորի համար.
«Ես չեմ պատրաստվում կոռուպցիայի հետ կոմպրոմիսի գնալ, ժողովուրդն ինձ իշխանության է բերել, որ ես իմ թիմով կոռուպցիան արմատախիլ անեմ. ես ասել եմ, որ կոռուպցիայի դեմ բոլորը հավասար են լինելու, ուզում եմ նշել, որ ես իմ հայտարարություններին տեր եմ: ՀՀ-ը երկար տարիներ թալանվել է, և նրան պետք է վերջ տրվի հնարավորինս արագ, Հայաստանը պետք է լինի կոռուպցիայից ազատ երկիր»,- ընդգծել է վարչապետը: