«Հայաստանում սկսվել է կոռուպցիայի դեմ անզիջում պայքար». Նիկոլ Փաշինյան
Հայաստանում սկսվել է կոռուպցիայի դեմ անզիջում պայքար, իսկ դա նշանակում է բազմաթիվ մարդկանց, ազդեցիկ, լծակներ ու զենք ունեցող, զինված խմբեր ունեցող մարդկանց հանել իմ դեմ եւ կոռուպցիայի դեմ պայքարողների դեմ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, այս գործընթացում շատերն ուզում են մեր ուշադրությունը հրավիրել, որ այդքան ազդեցիկ մարդկանց մեր դեմ հանելու ճանապարհը սխալ է, որ ավելի լավ է գտնել կոմպրոմիսներ, ավելի լավ է հարմարվել, ինչ-որ բաներ չնկատել, որպեսզի ամեն ինչ լավ լինի բոլորի համար։
«Ես ուզում եմ շատ հստակ ասել, որ ես չեմ պատրաստվում կոռուպցիայի հետ կոմպրոմիսի գնալ, որովհետեւ համարում եմ, որ ժողովուրդը ինձ իշխանության չի բերել, որ ես դառնամ կոռուպցիոն համակարգի մի մասը: Ժողովուրդն ինձ բերել է, որ կոռուպցիան արմատախիլ անենք Հայաստանից։
Ես երբ ասել եմ, որ օրենքի առաջ բոլորը հավասար են լինելու, ոմանց թվացել է, թե ես ուղղակի քաղաքական հայտարարություն եմ անում, քաղաքական հայտարարություն արած լինելու համար։ Բայց ես հավաստիացնում եմ, որ ես շատ ուշադիր եմ իմ հայտարարություններում։
Հայաստանը երկար տարիներ թալանվել է եւ շարունակում է թալանվել: Այս իրավիճակին հնարավորինս արագ պետք է վերջ տրվի, իհարկե, ոչ ափալ-թափալ, չմտածված ձեւերով։
Ես չեմ մտածում կոմպրոմիսի գնամ, որ այս կամ այն կոռուպցիոների հետ կոմպրոմիսի գնամ, որ իշխանությունը պահպանեմ։
Ես վարչապետի պաշտոնում չեմ հայտնվել, որ առավոտից մտածեմ պաշտոնը պահպանելու մասին: Քանի դեռ ժողովուրդն ինձ աջակցում է այս հարցում, մենք առանց կոմպրոմիսների առաջ ենք գնալու»,-հայտարարել է Փաշինյանը։