Զորամասերում այս տարի 450 լվացքի մեքենաներ են տեղադրվելու. Նորայր Յոլչյան
Զինված ուժերը ծառայության ընթացքում զինծառայողին ամեն ինչով բավարարում է, տնից ուղարկելու անհրաժեշտություն չի զգացվում: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին «Հաղթանակ» զբոսայգում ՀՀ զինված ուժերում շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի ու իրային միջոցների ցուցադրության ժամանակ ասել է ՊՆ ԶՈՒ թիկունքի պետ գեներալ-մայոր Նորայր Յոլչյանը:
«Մենք տրամադրում ենք մինիմալից ավելի, որը բավարար է զինծառայողին ծառայության ընթացքում ապահովելու համար: Վստահեցնում եմ, որ եթե տնից բան չուղարկեն, բանակի հատկացրածն ամբողջովին բավարար է, որ զինվորներն ապահովված լինեն»,- ասաց նա:
Պատասխանելով անդրավարտիքների մասով բարձրաձայնվող խնդիրներին՝ Նորայր Յոլչյանն արձագանքեց. «Զինվորները չեն ցանկանում լվացած անդրավարտիքներ հագնել եւ նորն են պահանջում: Խնդիրը լուծելու համար զորամասերում այս տարի 450 լվացքի մեքենաներ են տեղադրվելու, իսկ զինվորներին անհատական լվացքի պարկեր են տրամադրվելու, որոնցում իրենց անձնական իրերը կարող են լվանալ»:
Զինված ուժերի թինկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ սննդամթերքը փորձաքննության է ենթարկվում եւ մրցույթի արդյունքներում հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ պայմանագրեր են կնքում, ամեն ինչ թափանցիկ է անցկացվում։
«Զինծառայողներին հատկացվող սննդամթերքը 2 լաբորատորիաների կողմից ենթարկվում է փորձաքննության եւ միայն դրանց պատասխաններից հետո է սննդամթերքը հատկացվում զինծառայողներին: Սա նշանակում է, որ սննդամթերքն անվտանգ է»,- ասել է գնդապետը:
Նշենք, որ քաղաքացիների համար կազմակերպվել էր նաև ՀՀ զինված ուժերում պատրաստվող ճաշատեսակների հյուրասիրություն: