Հակաքաղցկեղային թանկ դեղամիջոցներն առաջիկայում գուցե Վրաստանից «էժանով» գնելու կարիք չլինի
«Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում այսօր քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանին հարց ուղղվեց այն մասին, թե ՀՀ-ում երբ են գրանցվելու հակաքաղցկեղային դեղամիջոցները, որոնք հարևան երկրներում էժան են: Քաղաքացին նաև այսպիսի հարցադրում արեց. «Ուռուցքաբանության կենտրոնի բժիշկները ե՞րբ են դադարելու փող մուրալ առանց այդ էլ քաղցկեղով հիվանդ մարդկանցից»: Նախարարը հայտնեց, որ նշյալ դեղամիջոցների մի մասը հավանաբար այս տարի կգրանցվի. «Խնդիրն այն է, որ փոքր սպառում ունեցող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, մատակարարները հետաքրքրված չեն շուկայով: Բոլորը չենք կարող գրանցել, բայց այդ դեղերն օրինական ճանապարհով կներմուծվեն»:
Հակաքաղցկեղային դեղերի թանկության մասին խոսելով՝ Արսեն Թորոսյանը նշեց, որ դրանց օրինական ճանապարհով ներմուծումը գնի վրա ազդեցություն կունենա. «Դեղերի ավելացված արժեքի հարկի պատճառով է, որ ՀՀ-ում ավելի թանկ են դրանք, քան Վրաստանում, որտեղ ԱԱՀ չկա: Հիմա հարկայինի հետ փորձում ենք հասկանալ, թե որքանով կհաջողվի ԱԱՀ-ն հանել»: