Հայաստանի պետական կառույցները 178 մլրդ դրամի գնումներ են կատարել 2017 թվականին. Արտակ Մանուկյան
2017 թվականին Հայաստանի պետական կառույցները 178 մլրդ դրամի գնումներ են կատարել, որից 7.8 միլիարդը բաժին է ընկել Երեւանի քաղաքապետարանին: Այս մասին հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արտակ Մանուկյանը:
Նա նշեց, որ շուրջ 50 ընկերություններին, որոնք մասնակցել են քաղաքապետարանի 24 տոկոս տենդերներին, բաժին է ընկել ընդհանուր գումարի 85 տոկոսը: Այս ընկերությունների մրցունակության, դրանց պորտֆելների բազմազանության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ, բացի «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերություններից, բոլոր մյուս ընկերությունների դեպքում քաղաքապետարանը միակ գնորդն է: Բացի այդ, դրանց մասին հանրայնացված որեւէ տեղեկատվություն չկա. դրանք չունեն կայքեր, սոցցանցերի էջեր եւ այլն: «Իմ պատկերացմամբ դա չի համապատասխանում սոցիալական պատասխանատվության եւ հաշվետվողականության չափանիշներին»,- ասաց նա:
Արտակ Մանուկյանը նաեւ նշեց, որ ընկերություններից շատերը, որոնց գործունեությունը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, գրանցված են Լեռնային Ղարաբաղում:
Նա պարզաբանեց, որ մոնիտորինգի ժամանակ ՀԿ-ն օգտագործում է այսպես կոչված կարմիր դրոշակների մեթոդը, օրինակ՝ գնումների կլորացված գումարներ` 5 մլն դրամ, 7 մլն դրամ, ինչը նշանակում է, որ գնման համար իրականում նախահաշիվ չի կազմվել: Կամ, օրինակ, բոլոր բողոքարկվող ընկերությունները գրանցվել են մեկ նոտարի մոտ:
Արտակ Մանուկյանը նաեւ հայտնեց, որ վերջերս մարդիկ սկսել են ակտիվորեն համագործակցել իրենց հետ եւ տվյալներ տրամադրել, ինչի հետեւանքով, օրինակ, ստացվել է Արմավիրի մանկապարտեզներից մեկի գնման հաշիվ-ապրանքագիրը, որը շաքարավազ էր գնում 500 դրամով, մինչդեռ դրա շուկայական գինն ավելի ծացր էր: Արտակ Մանուկյանը նաեւ նշեց, որ չէր ցանկանա, որպեսզի իրենց ուսումնասիրությունները դիտարկվեն Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների համատեքստում, քանի որ այս մոնիտորինգն ավելի վաղ էր անցկացվել: