Քաղաքացին տուգանքի մատերիալ չի, չի լինելու էս բանը. վարչապետը՝ շարժական տեսանկարահանող սարքերը հանելու նախագիծի մասին
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներկայացրեց շարժական տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերը հանելու նախագիծը։
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը առաջարկեց, որ շարժական սարքերի մեքենաների վրա ավելանան փարոսիկներ, որպեսզի քաղաքացի-վարորդիներն իմանան, որ տարածքում լուսանկարահանող և տեսանկարահանող շարժական սարք կա։
Վարչապետ Փաշինյանին դուր չեկավ քննարկման քաղաքական տրամաբանությունը։ «Մենք որդեգրել ենք մարդկանց չտուգանելու քաղաքականությունը։ Քաղաքացին տուգանքի մատերիալ չի, չի լինելու էս բանը։ Վարորդներին ասենք՝ ժպտացեք ձեզ տուգանում են։ Պետք է հասնենք նրան, որ երթևեկության անվտանգության հարցը երթևեկության մասնակիցների կողմից նաև պետք է կարգավորվի ։ Մենք խնդիրը չենք լուծում տուգանքներն ավելացնելով։ Կանխարգելիչ միջոցառումներ պետք է լինեն»։
Փաշինյանը պահանջեց չմեծացնել քաղաքացիներին տուգանելու խնդիրները. «Անպատժելիության մթնոլորտը պետք է վերացնենք»,- խոսքն ուղղեց Ոստիկանապետ Վալերի Օսիպյանին,- «քանի որ հրատապության հարց չկա, մենք կանդրադառնանք այս հարցին ավելի ուշ»։