«Ֆրեսկո» փառատոնին պատերազմները, բռնությունը դատապարտող 28 կինոնկար կցուցադրվի
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 5-րդ փառատոնին Հայաստանը տասը օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի: Միջոցառումներ կիրականացվեն ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերի պատմամշակութային վայրերում: Կարապի լճի տարածքում, զուգահեռ դահլիճներում կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր: Վրանային ճամբար կլինի Տաթևի վանական համալիրի տարածքում և Գորիսում։
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` «Ֆրեսկո»-ն կմեկնարկի հունիսի 22-ին:
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների և մշակութային նմուշների ցուցադրությունն է, դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը:
Փառատոնին մասնակցում են խաղարկային և վավերագրական տարբեր ձևաչափերի ֆիլմեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական խտրականությունը, մարդկային գործոնների հետևանքով ծագած էկոլոգիական աղետները:
Ֆիլմերին հաջորդող քննարկումներին ներկա են լինում ոչ միայն ժապավենի ստեղծողները, այլև կինոնկարում արծարծված խնդիրներին անմիջականորեն առնչվող հերոսներ:
Ֆիլմերի մրցանակները շնորհվում են հետևյալ անվանակարգերում` Լավագույն ուղերձ «Հավատ», Լավագույն ուղերձ «Հույս», Լավագույն ուղերձ «Սեր», Լավագույն ուղերձ «Խաղաղություն», Լավագույն ուղերձ «Քաջություն», Լավագույն ուղերձ «Մարդասիրություն», Լավագույն ուղերձ «Հայրենասիրություն»:
Ամեն տարի փառատոնի հարյուրավոր կամավորների ձեռքերով պատրաստում են փառատոնի խորհրդանիշերը՝ հուշանվերները, որոնք ունենում են իրենց ուղերձը:
Հուշանվերների հազարավոր օրինակնեը հանդիսավոր կերպով՝ բեմականացմամբ բաժանվում են հանրությանը: Դրանք ոչ միայն գեղեցիկ խորհրդանիշ են, այլև երիտասարդներին և խոցելի խմբերին միավորելու և ներառական կրթության միջոց: Մոմեր, աղոթքներ, հայկական խաչքարեր: Փառատոնի աշխատանքներում ներգրավված են ավելի քան 200 կամավորներ:
«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս սոցիալական հատուկ խմբերի հետ աշխատանքներին՝ հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց, մանկատան սաների, ովքեր ոչ միայն մասնակից են բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն ներգրավված են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում:
Փառատոնի կազմակերպիչներն են «Ծիածան» սոցիալական ՀԿ-ն, «Ֆորմիկա» Արտ ընկերությունը։