Տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարարի դրամական միջոցների հայտարարագիրը
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը 2018 թվականի հունիսի 8-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը: Այն ներկայացնում է Armtimes.com-ը:
Որպես անշարժ գույք Պապիկյանը հայտարարագրել է մեկ հողամաս: Շարժական գույքի մեջ հայտարարագրել է մեկ ավտոմեքենա «NISSAN TEANA 250XV V6» մոդելի:
Սուրեն Պապիկյանը ունի հանձնած 3 փոխառություններ: Մեկը 1 մլն 920 հազար դրամի, երկրորդը 5 մլն 619 հազար 330 դրամի, և երրորդը 5 մլն 187 հազար 75 դրամի:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նախարար Պապիկյանի դրամական միջոցները կազմել են 1 մլն 300 հազար դրամ և 1400 դոլար:
2018 թվականի հունվարի 1-ից մինչև պաշտոնը ստանձնելու օրը Սուրեն Պապիկյանն ունեցել է 1 մլն 801 հազար 139 դրամ եկամուտ: Բայց սա ոչ թե ընդհանուր մեկ տեղից է գոյացել, այլ ըստ երևույթին երեք աշխատատեղից, քանի որ երեք աղբյուր է նշված: Մեկից` 279 հազար 732 դրամ, երկրորդից՝ 747 հազար 93 դրամ և երրորդից՝ 774 հազար 314 դրամ: