Նախկին վարչապետի ընկերը «քցել է» ու սնանկացրել հայ-չինական համատեղ ձեռնարկությանը. տնօրենի բացահայտումները (տեսանյութ)
«Վ.Ռ. ԸՆԴ ՋԻ ՊՐՈՖԱՅԼ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրեն Ռուդոլֆ Հակոբյանը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա ընկեր՝ «ԱրմՍվիս բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանի պատճառով սնանկացել է և հայտնվել դատարանում։ Այս մասին գրում է 1in.am-ը:
Ռուդոլֆ Հակոբյանի ընկերությունը տարիներ առաջ Հայաստանում բացառիկ ձեռնարկություն էր, որը թողարկում էր բարձրակարգ պրոֆիլներ, որոնք օգտագործվում են եվրոպական դռներ և պատուհաններ պատրաստելու համար։
Ձեռնարկությունը կարճ ժամանակում՝ մոտ երկու տարի անց իր հիմնադրումից հայտնվում է խոշոր հարկատուների հարյուրակում։ Հերթական անգամ հումք ներկրելու համար Հակոբյանը «ԱրմՍվիս բանկ»-ի հետ համաձայնության է գալիս, որ բանկը կտրամադրի 300 հազար ԱՄՆ դոլար վարկ, երբ հումքը հասնի Հայաստան։ Սակայն երբ հումքը բերվում է, բանկը հրաժարվում է տրամադրել խոստացված վարկային միջոցը, ինչի արդյունքում ընկերությունը հայտնվում է ցայտնոտային վիճակում, տարբեր տեղերից փորձում է վարկային միջոցներ հայթհայթել, արդյունքում առաջանում են ժամկետանց վարկային պարտավորություններ, ու ընկերությունը վերջնահաշվարկում սնանկանում է։
Ռուդոլֆ Հակոբյանի խոսքերով՝ գործել է նախապես կազմակերպված սցենար։ «ԱրմՍվիս բանկ»-ի գործադիր տնօրենը, որը նաև Տիգրան Սարգսյանի մտերիմ ընկերն է եղել, հենց սկզբից աչք է ունեցել իրենց ձեռնարկության վրա։ Այդ իսկ պատճառով կազմակերպված ձևով ձեռնարկությունը հասցրել են սնանկության, և ինչ-որ կասկածելի, արտադրության բացարձակ փորձ չունեցող մի ընկերության հինգ անգամ ավելի վարկային միջոց է տրամադրել, որով աճուրդով այդ ընկերությունը գնում է «Վ.Ռ. ԸՆԴ ՋԻ ՊՐՈՖԱՅԼ» հայ-չինական համատեղ ձեռնարկության հոսքագիծը և սկսում արտադրություն կազմակերպել»,- ասաց Հակոբյանը։
Ներկայումս դատական պրոցես է գնում, գործը քննվում է առաջին ատյանի դատարանում։ Դրանից բացի՝ Հակոբյանը դիմել է գլխավոր դատախազություն, քանի որ իր պնդմամբ՝ այդ քաղաքացիական գործը պարունակում է նաև քրեական հանցակազմ։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: