Էներգետիկայի նախարար. «Ոռոգման ջրի սակագնի փոփոխման հարցի շուրջ քննարկումներ են ընթանում»
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանն այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց ոռոգման ջրի սակագնի բարձր լինելու հարցը:
«Այս հարցը առնչվում է գյուղատնտեսության ոլորտում ընդգրկված 450 հայաստանցիների: Ինչպես գյուղատնտեսության բարձր վարկային տոկոսադրույքները, այնպես էլ ոռոգման ջրի սակագնի բարձր լինելը մեծ բեռ են գյուղացիների համար, եւ հազարավոր հեկտար չմշակված հողերը նաեւ դրա պատճառով են: 1 հա հողակտորի ջրելու վարձը ամսական կազմում է 16 հազար դրամ, եւ շատերը կարծում են, որ այդ վճարը ուռճացված է: Կա արդյո՞ք սակագնի նվազեցնելու հնարավորություն»,-հարց ուղղեց պատգամավորը:
Ի պատասխան Էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանն ասաց, որ հարցը իրենց համար էլ մտահոգիչ է, եւ իրենք այդ խնդրով քննարկումներ են անցկացնում. «Եթե չշտապեք, մեզ թույլ տաք եւս մի քանի օր աշխատել, մենք համալիր ձեւով ցույց կտանք այս խնդրի լուծման տարբերակները»: