ԱԳ նախարար. «Համանախագահներին ասացինք, որ զինծառայողի մահը չի կարող չազդել մեր դիրքորոշումների վրա»
Մենք հստակ արտահայտել ենք կառավարության գերակայությունը արտաքին քաղաքականության ծրագրում, որտեղ Արցախը զբաղեցնում է իր հստակ տեղը: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հարց ուղղեց՝ նշելով. «Համանախագահների հետ հանդիպումներում արդյոք հայկական կողմը բարձրաձայնել է Արցախին բանակցային կողմ դիտարկելու նոր ռազմավարության մասին, արդյոք հայկական կողմը բարձրաձայնել է Ադրբեջանի զինուժի կուտակումների մասին եւ ինչպիսին է եղել համանախագահների արձագանքը»:
Ի պատասխան ԱԳ նախարարն ասաց. «Ձեր 2 հարցերին կարելի է պատասխանել այո եւ այո: Մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որը վերաբերում է մեր հետեւողականությանը, շարունակականությանը առավել եւս Արցախի հարցում: Արտահայտել ենք մեր գերակայությունը որը վերաբերում է Հայաստանի համար գերակայությունների հարցում կարգավիճակի եւ անվտանգության բացառիկ կարեւորությունը: Մենք հիմա գտնվում ենք բանակցությունների մեջ ներգրավվելու գործընթացում: Համանախագահների այցի բնութը ճանաչողական է: Մենք ճանաչում ենք իրար, փոխանակում ենք մեր դիրքորոշումները:
Այդ առումով մենք նաեւ բավական հստակ ենք, որ այն հիմնական դրույթները, որոնք վերաբերում են բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը մեր հավատարմությանը, բացառապես Մինսկի խմբի շրջանակներում»:
Զոհրաբ Մնացականյանը ընդգծեց, որ Հայաստանը նաեւ մեծ ուշադրություն է տալիս խաղաղությանը նպաստող մթնոլորտին. «Խաղաղությանը նպաստող մթնոլորտի մեջ մտնում է նաեւ շփման գծում տիրող իրավիճակը: Առավելեւս մենք ուշադրություն հրավիրեցինք եւ ընդգծեցինք, որ այն, ինչ կատարվել է 2 օր առաջ, զոհը, որ ունեցանք, Վահագն Էլոյանի մահը մեզ համար մեծ կորուստ է եւ սա բացարձակապես բացասական է ազդում բանակցությունների վրա եւ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման առումով: Սա չի կարող աննկատ անցնել եւ չի կարող չազդել մեր դիրքորոշումների վրա»:
Ինչ վերաբերում է համանախագահների արձագանքներին, ԱԳ նախարարն ասաց, որ հանդիպումները դեռ շարունակվում են. «Մենք փորձում ենք այս օրերն օգտագործել մաքսիմալ արդյունավետ, որ մաքսիմալ իրար ճանաչենք, փոխանակենք տրամաբանությունը, նյուանսները դիրքորոշումների մոտեցումների այն ամբողջ գործընթացի, որը տեղի է ունենում: Մենք նաեւ պատրաստվում ենք հաջորդ փուլերի համար: Սա բանակցային գործընթաց է, որի մեջ Հայաստանը ներգրավված է»:
Արմեն Աշոտյանն առաջարկեց կյանքի կոչել իր առաջարկը եւ փակ քննարկում կազմակերպել ԱԺ-ում բացառապես արցախյան հիմնախնդրի կարգավորման արդի վիճակի հետ կապված. «Ոչ միայն հանձնաժողովում, այլ նաեւ մասնակիցը դարձնել ԱԺ համապատասխան պատվիրակությունների ղեկավարներին: Որ կարողանանք լինել միասնական, խրոխտ եւ ինչպես ասում են, դուխով»,-ասաց Աշոտյանը: Առաջարկը ԱԳ նախարարը սիրով ընդունեց: