«Եռաբլուր»-ում զինվորական կարգով հուղարկավորել են Արցախում զոհված պայմանագրային զինծառայողին (տեսանյութ)
Երեւանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ հունիսի 13-ին, հուղարկավորել են Արցախում հունիսի 10-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Վահագն էլոյանին:
Զինծառայողին հողին են հանձնել զինվորական կարգով: Հուղարկավորությանը ներկա էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ, զորամասի հրամանատարական կազմը: Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած հոգեհանգստին էլ ներկա էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Վահագն Էլոյանը 25 տարեկան էր, Երեւանի բնակիչ, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու մեկնել ծառայության Արցախ: Զոհված զինծառայողն ապրիլյան պատերազմի մասնակից էր: