Ատոմ Ջանջուղազյան. «Ուղղակի հարկերի դրույքաչափերը Հայաստանում պետք է նվազի»
Ուղղակի հարկերի դրույքաչափերը Հայաստանում պետք է նվազի, ինչը չի նշանակում, որ նույն չափով կնվազի հարկերի մեջ նրանց տեսակարար կշիռը: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով, անգամ կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, քանի որ հիմա շատ է նշվում, որ այսօր շատ են թաքցնում ուղղակի հարկերը, եւ եթե դրույքաչափը նվազի, հարկերի ծավալը կարող է ավելանալ:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ այսօր հարկերի տեսակարար կշռի մեջ ավելացված արժեքի հարկը կազմում է 34 տոկոս, իսկ ահա ուղղակի հարկ համարվող շահութահարկի բաժինը 9,6 տոկոս: «Համադրելի երկրների հետ համեմատած պետք է ձգտել, որ այդ 9,6 տոկոսը մոտեցնենք 15 տոկոսի»:
Ի պատասխան Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ իրենք հենց այդ ուղղությամբ են գնալու, սակայն հստակ տոկոս նշել չեն կարող: