Արծվիկ Մինասյան.«Ուզում եք համոզել, որ հրաժարական տա՞մ, չեմ պատրաստվում, ես վճռական եմ»
Կառավարությունը վարչապետի առաջարկությամբ ընտրեց մի տարբերակ, որը այս պահին հնարավորինս մեղմացնում է քաղաքացիների եկամուտների բեռնվածությունը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով կառավարության նիստի ժամանակ կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի մասին որոշմանը։
«Առհասարակ համակարգի վերանայման, չեղարկման հարցը օրակարգում է եւ ուսումնասիրության կարիք ունի, սա է կայացվել այդ օրը կառավարության նիստում»,- հայտարարեց նա։
Մինասյանը հիշեցրեց, որ ՍԴ-ում գործընկերոջ հետ շահել են դատական ակտը, ինչը դեռ իրականացված չէ, բայց նրա խոսքով, այս պահին կառավարության որոշումը հետեւյալն է՝ հուլիսի 1-ից կուտակայինի մեղմացում լինի։
Մինասյանը շեշտեց, որ որպես ՀՅԴ ներկայացուցիչ կառավարությունում խոսել է ՀՅԴ-ի 10 տարվա պայքարի մասին. «Այն ձեւով ինչ ունենք պարտադիրը, տնտեսական ներկա պայմաններում չի համապատասխանում մեր քաղաքացիների, երկրի շահերին։ Մեր պայքարը փողոցում հստակ հիմնավորումներ ուներ, եւ հիմա այս կառավարությունը ի տարբերություն նախորդներից ունի շանս եւ չի թաքցնում ուսումնասիրության հնարավորությունները»։
Մինասյանն ասաց, որ սկզբունքայնությունը նրա մեջ է, որ հետեւողականորեն պետք է գնալ այդ հարցադրումների պատասխանի ճանապարհով, որը այսքան տարի անընդհատ բարձրացվել է։ Դիմելով լրագրողներին նա ասաց.
«Դուք փորձում եք ինտրինգ փնտրել, բայց չկա այդպիսի բան, այդքան ժամանակ քանի այս կառավարությունը բաց, հրապարակային աշխատում է»,- ասաց նա, ապա հավելեց, որ երբ զգան անհնարին է աշխատել, կամք կա, կհեռանանք։ Ինչ վերաբերում է հարցին՝ հրաժարական չի՞ տալու, նա ասաց.
«Դուք ուզում եք համոզել, որ հրաժարական տա՞մ։ Հստակ պատասխանվել է՝ ոչ, չեմ պատրաստվում, ես տրամադրված եմ վճռական, որովհետեւ ոչ միայն այդ ոլորտը այլ տնտեսական զարգացման ոլորտում, հակամենաշնորհային զարգացման ոլորտում հսկայական անելիքներ կան»,- շեշտեց նա։
Անդրադառնալով Փաշինյանի՝ իր հետ կառավարությունում շփվելու ոճին նա ասաց, որ ընթացքում կշտկվի այն։ Մինասյանը նշեց, որ չի համարում թե անհաղթահարելի խնդիր է տեղի ունեցել։
«Ես ավելի շատ կենտրոնացած եմ, թե ինչ պետք է անենք, քան շփման ձեւերի վրա»,- ասաց նա։ Մինասյանը նաեւ ափսոսաքն հայտնեց Մանե Թանդիլյանի հրաժարականի համար։