Պետություն-հիմնադրամներ համագործակցությունը պետք է նոր մակարդակի վրա դրվի. Սփյուռքի նախարար
Ճանաչողական և գործընկերային տրամադրությամբ Մխիթար Հայրապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հյուրն է եղել: Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Սփյուռքի նախարարը Հիմնադրամի տնօրենի ուղեկցությամբ ծանոթացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմին ու աշխատելաոճին: Արա Վարդանյանը Սփյուռքի նորանշանակ նախարարին ներկայացրել է հիմնադրամի 26-ամյա գործունեության պատմությունը: Առանձնազրույցից հետո Սփյուռքի նախարարն ընդգծել է, որ նախարարություն-հիմնադրամ գործակցությունն ընդլայնվելու է, իսկ առաջիկա ծրագրերը հետագա քննարկումների գլխավոր թեման են լինելու:
«Իմ պաշտոնավարումից սկսած մենք ավելի ակտիվ կսկսենք համագործակցել և աշխատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ: Առհասարակ, կոնցեպտուալ առումով պետություն-հիմնադրամներ համագործակցությունը պետք է նոր մակարդակի վրա դրվի:
Թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը, թե Սփյուռքի նախարարությունը, և թե աշխարհասփյուռ համահայկական մյուս կառույցները ունեն մեկ առաքելություն, այն է՝ Հայաստանի և Արցախի կայուն զարգացման ապահովումը: Հիմնադրամի հետ այս պահին կոնկրետ ծրագրային գործակցության քննարկում չենք ունեցել, բայց կրկնեմ` մեր նպատակն ընդհանուր է`ծառայում ենք նույն գործին», - նշել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Նախարարի հետ հանդիպման կարևորությունն ընդգծելով, Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշել է, որ հանդիպումն անշուշտ կունենա դրական արդյունքներ: «Շուտով կքննարկենք համագործակցության շուրջ ծրագրեր: Բայց պետք է չմոռանալ, որ մեր կառույցները տարբեր գործառույթներ ունեն. նախարարությունը սփյուռքահայությանը դեպի Հայաստան բերելու, հայապահպանության հարցերով է զբաղվում, իսկ մենք զբաղվում ենք դրամահավաքով, միգուցե Հիմնադրամն էլ ապագայում սկսի նմանատիպ ոլորտներում աշխատել», - ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, - «Կան ոլորտներ, որ հիմա հետաքրքիր են և մեզ, և նախարարությանը, խոսքը Սփյուռքի գիտական ներուժի մասին է»: