Բոլոր գիտնականները գիտեն, որ այս մարդը կոռուպցիոներ է. Դ. Իոանիսյանը՝ Սամվել Հարությունյանի նշանակման մասին
«Սա խայտառակություն է: Բոլոր գիտնականները գիտեն, որ այս մարդը կոռուպցիոներ է: Սամվել Հարությունյանը Հայաստանի գիտությունը խորապես քանդողներից է: Անգամ արտերկրյա գրանտերի հաստատման համար էր ատկատ ուզում»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը՝ Սամվել Հարությունյանին Կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեի նախագահ նշանակելու մասին։
«Եվ Արայիկ Հարությունյանը (կրթության և գիտության նախարար) չի ընդունել այն գիտնականին, ով պատրաստ էր պատմել, թե ինչպես (որքան, երբ ու ինչի համար) էր Սամվել Հարությունյանն անձամբ իրենից կաշառք ուզել»,-գրել է նա։
Իոանիսյանի գրառման տակ կրթության նախարարը գրել է. «Կոնկրետ օրինակներ, Դանիել ջան, շատ կոնկրետ»։
«Արայիկ, շատ կոնկրետ օրինակի մասին պատրաստ էր պատմել այն մարդը, ումից կաշառք էր ուզվել: Եվ քո օգնականը/քարտուղարը այդպես էլ հետ չզանգեց, որ այդ մարդը գա քո մոտ ու պատմի: Եվ դու գիտեիր, որ այդ կոնկրետ օրինակները կան: Կարող էիր նաև հետաքրքրվել»,-ի պատասխան գրել է Իոանիսյանը:
Իսկ կրթության և գիտության նախարարը նրան հորդորել է բոլորին հրավիրել իր մոտ. «Դանիել, խնդրում եմ շոուները մի կողմ դնես և վաղը բոլորին հրավիրես ինձ մոտ: Բայց Աստված չանի՝ կոնկրետ օրինակներով չգան: Ու զգուշացրու, որ բոլոր փաստերով ներկայացնելու եմ ոստիկանություն: Կոռուպցիոներին հանելը խնդիր չէ, ուղղակի խոսողների մեծ մասը ամենավերջում հրաարվում են խոսել: Հիմա ես ուզում եմ կոնկրետ օրինակներ ու փաստեր: Ոստիկանություն կամ ԱԱԾ ուղարկելու խնդիր չունեմ՝ ով ուզում է լինի»:
Դանիել Իոաննիսյանն էլ Արայիկ Հարությունյանին ասել է, որ նրան է ուղարկում այդ անձի տվյալները։