Քաղաքացիական օրենսգրքի՝ Վարկային պայմանագրի դրույթը հակասահմանադրական չէ
Սահմանադրական դատարանն այսօր որոշեց, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի` Վարկային պայմանագիրը, 2-րդ մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը:
Գործը դատարանում քննվում էր Արմինե Աթոյանի, Հայկ Նազինյանի և Արկադի Վարդանյանի անհատական դիմումի հիման վրա:
Ըստ դիմողների, վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված իրավունքին այնքանով, որքանով զրկում է անձանց իրենց սեփականությունն իրենց կամքով տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքից:
Ըստ դիմողների` վիճարկվող իրավակարգավորման համաձայն, վարկային պայմանագրով կարող են սահմանվել պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման համար այնպիսի տույժեր, որոնք խախտում են պայմանագրի մյուս կողմի իրավունքները և օրինական շահերը՝ անբարենպաստ հետևանքներ առաջացնելով նրա համար:
Դիմողները գտնում են, որ վիճելի իրավակարգավորման առկայությամբ պայմանավորված՝ պայմանագրի մի կողմը կարող է մյուս կողմի համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում գործարք կնքել՝ սահմանելով ծայրահեղ պայմաններ: