Մեր խնդիրը գումար խնդրելը չէ․ Սփյուռքի նախարար
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամում էր՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի օգնությամբ իրականացված եւ նախատեսվելիք աշխատանքներին ծանոթանալու: Վարդանյանի հետ առանձնազրույցից հետո նա լրագրողներին տեղեկացրեց՝ իրեն հետաքրքիր էր, թե մինչեւ իր պաշտոնավարումը Սփյուռքի նախարարությունն ինչպես է աշխատել հիմնադրամի հետ. «Չէի ցանկանա անդրադառնալ նախկին գործակցությանը, բայց կարծում եմ՝ առաջիկայում ավելի ակտիվ կաշխատենք միասին: Պետություն-հիմնադրամներ գործակցությունը պետք է ավելի սերտ լինի»:
Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ այս պահին ծրագրեր չեն քննարկել, իսկ հետագա քննարկումների արդյունքում դրանք բացառված չեն. «Սփյուռքի ներուժի օգտագործումը և հայրենադարձությունը մեր առաջնահերթություններից են, և այս ոլորտում հիմնադրամի հետ համատեղ աշխատանքներ կարող ենք կատարել»: