Արամ Սարգսյան. «Ես «Ելք» խմբակցությունում միակ մարդն եմ, ով դրական է համարում կուտակային կենսաթոշակային համակարգը»
Ազգային ժողովում պատգամավոր Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով կուտակային կենսաթոշակների համակարգի պարտադիր բաղադրիչը պահպանելու կառավարության որոշման շուրջ քննադատություններին, ասել է, որ այնքան էլ ճիշտ մոտեցում չէ այս հարցում չվստահել մի իշխանության, որին ժողովուրդն է բերել:
«Եթե նախկին իշխանությունների օրոք անվստահություն կար կուտակային կենսաթոշակները կառավարող ֆոնդերի վերահսկողության հետ կապված, ապա այս հարցում ժողովրդի կամքով ձևավորված իշխանությանը չվստահելն այնքան էլ ճիշտ մոտեցում չէ»,- նշել է Սարգսյանը:
Արամ Սարգսյանը նաև կարծիք է հայտնել, որ կան գործընթացներ, որոնք սկսելուց հետո դրանցից ետ կանգնելը կարող է շատ ավելի կործանարար լինել: