ՊԵԿ-ը սուպերմարկետների տերերին հորդորել է սեղմ ժամկետներում ներկայացնել ճշգրտված հաշվարկներ
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հերթական հանդիպումն է տեղի ունեցել առեւտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են ոլորտային խնդիրներն ու ռիսկերը, մասնավորապես սուպերմարկետների` անհատ ձեռնարկատերերի անվան տակ գործելու հարցերն ու դրանց կարգավորման ուղիները:
«Կատարված վերլուծությունների արդյունքում արձանագրվել են հստակ տվյալներ, որ բացի գյուղմթերքից, իրացվել են նաեւ այլ ապրանքներ: ՊԵԿ-ը նրանց կոչ է արել սեղմ ժամկետներում ճշգրտումներ կատարել ոչ գյուղմթերքի մասով եւ դրանք արտացոլել իրացման շրջանառությունից ձեւավորվող ավելացված արժեքի հարկի դաշտում:
Իսկ գյուղմթերքի մասով վերջնական դիրքորոշումը տնտեսվարող սուբյեկտներին կտեղեկացվի ԱԱԾ կողմից իրականացվող միջոցառումների ավարտից հետո: Այսօր խնդիրը վերաբերել է բացառապես այն ապրանքներին, որոնք գյուղմթերք չեն»,-տեղեկացրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ հավելելով, որ հակառակ պարագայում կիրականացվեն օրենքով սահմանված վարչարարական միջոցառումներ. այս դեպքում արդեն, բացի մայր գումարից եւ տույժերից, կկիրառվեն նաեւ տուգանքներ:
ՊԵԿ-ը տնտեսվարողներին եւս մեկ անգամ հիշեցրել է՝ գործունեությունն իրականացնել բացառապես օրենսդրության շրջանակում, խստագույն պահպանել ՀԴՄ շահագործման կանոնները. «Հետեւողական ենք լինելու եւ շարունակական գործողություններով հասնելու ենք նրան, որ տնտեսությունում բոլոր գործարքներն ամբողջական փաստաթղթավորվեն»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:
Հանդիպման ընթացքում գործարարները մի շարք հարցեր են հնչեցրել նոր իրավիճակի եւ նոր լուծումների հետ կապված ու տեղում սպառիչ պատասխաններ ստացել: Պետական եկամուտների կոմիտեն բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակում է քննարկումները ոլորտային խնդիրների կարգավորման ուղղությամբ: