Ո՞րն է եղել ձեր դիրքորոշումը «Մարտի 1»-ի և այլ հնչեղ գործերով. Զոհրաբյանը՝ ՍԴ անդամի թեկնածուին
Ո՞րն է եղել ձեր դիրքորոշումը որպես Վճռաբեկ դատարանի դատավոր, հնչեղություն ունեցող գործերի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության քննարկման ժամանակ ՍԴ անդամի թեկնածու Ելիզավետա Դանիելյանին հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Վճռաբեկ դատարանը քննել է «Մարտի 1»-ի գործերը, Վահե Ավետյանի «Հարսնաքարի գործը», Հայկ Կյուրեղյանի նկատմամբ իրականացված խոշտանգումների և նրա նկատմամբ մեղադրական դատավճռի վերաբերյալ գործերը, Շանթ Հարությունյանի և ընկերների գործը, Գևորգ Սաֆարյանի «տոնածառի» գործը, Վարդգես Գասպարիի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խոշտանգումների գործը: Բացի այդ, «Հաց բերող» Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու գործերը Վճռաբեկ դատարան հասել են այն ժամանակ, երբ կալանքն արդեն փոփոխվել է դատախազոության կողմից, իսկ վճռաբեկլ դատաանը անգամ բողոքը չի ընդունել վարույթ:
Որն է եղել ձեր դիրքորոշումը նշված գործերի վերաբերյալ: Ունեցե՞լ եք ձեր դատավոր ընկերներից տարբերվող կարծիք, հանդես եկե՞լ եք հատուկ կարծիքով, թե ոչ»:
Ի պատասխան Ելիզավետա Դանիելյանը նշեց. «Քանի որ հնարավոր է՝ շարունակեմ պաշտոնավարել Վճռաբեկ դատարանում, հետևաբար կոնկրետ գործերով կոնկրետ կարծիք հայտնելը դատավորի համար անթույլատրելի է: Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանին, այն հանդիսանում է հայեցողական դատական ատյան, որտեղ գործերը քննվում են նախադեպային խնդրի տեսանկյունից»:
Նաիրա Զոհրաբյանն էլ արձագանքեց. «Ես չեմ կարող քվեարկել մի մարդու, եթե չգիտեմ նրա տեսակետը հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ: Դուք այստեղ կանգնած եք որպես ՍԴ անդամի թեկնածու և կարևոր կլիներ իմանալ, թե կարևոր գործերում դուք ձեր ուրույն մոտեցումը ունեցե՞լ եք, որը տարբերվել է մյուս դատավորների հավաքական կարծիքից»: