Այս տարին բուհերի համար ճգնաժամային է և դա 6 տարի շարունակ դեռ հետապնդելու է բուհերին. Ա. Հարությունյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը այսօր՝ հունիսի 12-ին, այցելեց Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն` հետևելու «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին:
Շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանն ասաց, որ քննական պրոցեսը նորմալ է ընթանում: Գնահատման և թեստավորման կենտրոնից նախարարին հայտնել են, որ դեռևս որևէ բողոք չի ներկայացվել:
«Այս պահին խնդիրներ չեմ տեսնում: ԳԹԿ-ն մինչև քննությունները համապատասխան միջոցներ ձեռնարկել, հուսով եմ, որ առանց որևէ խնդրի քննությունները կավարտվեն: Միայն երկու բողոք սոցիալական ցանցերում եմ տեսել՝ հսկողության ուժեղացնելու հետ կապված, բայց պահանջել եմ կոնկրետ փաստեր ներկայացնել: Հսկողության ուժեղացման հետ կապված քայլեր արդեն ձեռնարկվել են, համապատասխան հանձնարարականներ եղել են, նաև իրավապահ մարմիններն ու համապատասխան ծառայություններն էլ ուժեղացված վերահսկում են իրավիճակը»,- ասաց Ա. Հարությունյանը:
Անդրադառնալով դիմորդների քիչ լինելու խնդրին` նախարարը նշեց, որ բուհերին հատկացված տեղերի վերանայման խնդիր չկա, պարզապես բազմաթիվ թափուր տեղեր կան:
Նա համաձայն է դիտարկման հետ, որ կրթության որակի նվազում կլինի, քանի որ յուրաքանչյուր բավարար ստացողը, փաստորեն, կկարողանա համալսարան ընդունվել:
«Դա խնդիր է: Այս տարի բուհերի համար ճգնաժամային է և պետք է փորձենք այս իրավիճակից դուրս գալ: Թեպետ, այս ընդունելությունը 6 տարի շարունակ դեռ հետապնդելու է բուհերին, որովհետև պակաս ընդունված կուրսերը պետք է ավարտեն, իսկ դա ազդելու է դրույքների վրա, ծանրաբեռնվածությունների վրա: Այս խնդիրներն ունենալու են բուհերը»,- նկատեց նա:
Հարցին՝ հնարավոր է, որ դիմորդների թվի քիչ լինելը պրոֆեսորադասախոսական կազմի կրճատման բերի, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Հույս ունեմ, որ դրան չի հասնի գործը»: