Արցախի պետնախարարը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 11-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու բերքահավաքի եւ քաղաքաշինական որոշ ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր:
Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ով, մասնավորապես, ներկայացրել է հանրապետությունում իրականացվող հնձի աշխատանքները՝ նշելով, որ արդեն 5500 հա-ի վրա կատարվել են բերքահավաքի աշխատանքներ, որի միջին բերքատվությունը կազմել է 20ց.: Անձրեւային եղանակների հետ կապված՝ այն վերջին օրերին որոշ չափով դանդաղել է: Գյուղնախարարի խոսքով՝ հացահատիկահավաք կոմբայնների մասով, ընդհանուր առմամբ, խնդիրներ չկան, իսկ բերքի մթերումն իրականացվում է հիմնականում «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի պահեստներում: Անդրադառնալով վերջին շրջանում հանրապետությունում գրանցված կարկտահարության դեպքերին՝ Ժ. Միրզոյանը նշել է, որ նախնական հաշվարկներով գրեթե ամբողջությամբ տուժել է շուրջ 7500 հա ցանքատարածություն¬:
Պետնախարար Մարտիրոսյանը գյուղատնտեսական իրավիճակով հետաքրքրվել է նաեւ շրջվարչակազմների ղեկավարներից՝ ովքեր առանձին-առանձին հանդես են եկել տեղերում կատարվող աշխատանքների մասին զեկույցներով:
Բավարար գնահատելով իրականացվող աշխատանքները՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ կարկտահարությունից տուժած ցանքատարածքների համար հողօգտագործողներին կտրվի պետական աջակցություն: Այդ շրջանակում նրանք կազատվեն նաեւ հողի վարձավճարից եւ հարկերից:
Այնուհետեւ քննարկվել է «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի կողմից ցորենի մթերման այս տարվա գնային քաղաքականությունը:
Խորհրդակցության օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր քաղաքաշինության ոլորտին: Առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Նախարարի ներկայացմամբ՝ պլանավորված 4 մլրդ 936 մլն դրամի ծրագիրը գերակատարվել է, եւ արդեն իրականացվել է 5 մլրդ 500 մլն դրամի աշխատանք, որի գերակշիռ մասը ֆինանսավորվել է:
Պետնախարարը կարեւորել է իրականացված աշխատանքի ծավալն՝ ընդգծելով, որ կառավարությունը ժամանակին կատարելու է իր ստանձնած պարտավորությունները:¬ Նրա խոսքով՝ հաշվի առնելով վերջին շրջանում արձանագրված կարկտահարության եւ սելավների հանգամանքը՝ որոշում է կայացվել 25-30 տոկոսով ավելացնել շրջվարչակազմերի ենթակայության տակ գտնվող շինարարական կազմակերպությունների ֆինանսական ռեսուրսները, որպեսզի օպերատիվ կերպով լուծվեն տեղերում առաջացած խնդիրները:
Գ. Մարտիրոսյանը հանձնարարել է խորհրդակցությանը ներկա ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանին քննարկված բոլոր ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ այլ հարցեր: