Շարմազանովը՝ ոստիկանապետ եղբոր պաշտոնանկության մասին
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցրել է, որ եղբոր՝ Էրիկ Շարմազանովի պաշտոնանկությունը քաղաքական ենթատեքստ չունի:
Հիշեցնենք՝ Էրիկ Շարմազանովը Գուգարքի ոստիկանապետի պաշտոնից ազատվել է երեկ՝ հունիսի 10-ին, իսկ մինչ այդ ՀՀԿ-ականները հայտարարում էին իշխանության կողմից քաղաքական ճնշումների եւ հնարավոր ռեպրեսիաների մասին: News.am-ի հարցին՝ արդյոք ոստիկանապետի պաշտոնից ազատվելը քաղաքական ճնշումների շրջանակում է, Շարմազանովը պատասխանեց, որ բացարձակ կապ չունի քաղաքական գործընթացների հետ:
«Իմ եղբայրն ազատվել է իր դիմումի համաձայն անձնական պատճառներով: Նա խնդրել է, որ տեղափոխվի կադրային ռեզերվ եւ իր դիմումը ոստիկանապետը բավարարել է: Նա էլ նշել է, որ քաղաքական դրդապատճառ չունի, զինվորական է եւ չի զբաղվում քաղաքականությամբ»,-ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը պնդեց, թե նման հարցերով որեւէ խորհուրդ չի տվել եղբորը: «Իմ եղբայրը կայացած ոստիկան է, ՀՀ երիտասարդ գնդապետներից մեկը, ինքն է այդպես նպատակահարմար համարել: Ես իր առաջխաղացման ու նշանակման մեջ լումա չեմ ունեցել եւ հիմա էլ առնչություն չունեմ իր որոշման հետ»: