Քանի՞ տարով է առաջարկվել կրճատել Ժիրայր Սեֆիլյանի պատժաչափը
Ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով Վերաքննիչ քրեական դատարանը վճիռ կկայացնի հունիսի 13-ին՝ ժամը 14:00-ին: Այսօր գործի քննությունից հետո դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, վկայակոչելով երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությունը, իր ելույթում հնարավոր համարեց այս գործով դատապարտված Ներսես Պողոսյանի և Գևորգ Սաֆարյանի ազատ արձակումը դատարանի դահլիճից: Իսկ Ժիրայր Սեֆիլյանի մասով ասաց, որ պահանջում է նրա պատժաչափը նվազեցնել 3.5 տարով՝ դատապարտելով 7 տարի ազատազրկման:
«Ուզեն-չուզեն ազատ են արձակելու»,- նիստից հետո հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:
Հիշեցնենք, որ Սեֆիլյանն առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 10.5 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և շենք-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ:
Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երախշավորություն են ներկայացրել Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու Ծառուկյան դաշինք խմբակցության 12 պատգամավորներ:
Ավելի վաղ Ելքի պատգամավորները անձնական երաշխավորություն էին ներկայացրել այս գործով անցնող Գևրոգ Սաֆարյանի և Ներսես Պողոսյանի համար: