Արտերկրում գտնվող քաղաքացին‚ որի անձնագրի ժամկետը լրանում է‚ ինչպե՞ս կարող է նորը ստանալ
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արտերկրում գտնվող քաղաքացու հարցին.
ՀԱՐՑ-Քաղաքացին գտնվում է արտերկրում, անձնագրի 10 տարյա վավերականության ժամկետը լրանում է: Կարող է արդյոք անձնագիրը լիազորագրով ուղարկել Հայաստան, նորը ստանալու համար:
ՊԱՏԱՍԽԱՆ-Բիչախչյանը իր պատասխանում նշել է․ «16 տարին լրացած անձը անձնագիր ստանալու համար պետք է դիմի անձամբ. լիազորված անձի միջոցով դիմում ընդունելու իրավական հնարավորություն նախատեսված չէ: Մինչև 16 տարեկան երեխաների դեպքում է միայն հնարավոր նման ընթացակարգ:
Այդ դեպքում ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը կարող է լիազորել երեխայի անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար: Ընդ որում, լիազորագիրը պետք է վավերացված լինի նոտարական կարգով: Այս դեպքում քաղաքացին անձամբ պետք է դիմի օտարերկրյա պոտությունում գտնվող դիվանագիտական ծառայություն»: