Նոր մարզպետներ հին, շատ հին, հնացած մտածողությա՞մբ
Կոտայքի մարզպետը (մարզպետները) որևէ համայնքապետի աշխատանքը գնահատելու իրավասություն չունի։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի համայնքների միության նախագահ, Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսում ՀՀ պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը՝ անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը, թե Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի աշխատանքն անբավարար է գնահատում։
Նա ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.
«Հրաժարականի մասին խոսելն էլ սահմանադրական իրավասությունների գերազանցում, տեղական իշխանությունների ինքնուրույնության սկզբունքի խախտում է։
Նոր մարզպետներ հին, շատ հին, հնացած մտածողությա՞մբ։ Նույնիսկ վերջին տասը տարում գործող մարզպետներն իրենց թույլ չէին տալիս նման հայտարարություններ անել։
Մարզպետը համայնքապետի ղեկավարը չէ, վերադասը չէ։ Ոչ էլ շրջաբերական նամակներ կամ հանձնարարականներ ուղարկելու իրավասություն ունեն։
Ֆինանսական վերահսկողությունը, որ տարիներ շարունակ մարզպետարաններն իրականացնում են՝ հակաօրինական է։ Իսկ իրավական ու մասնագիտական վերահսկողության գործառույթը, որ ամրագրված է ՏԻ օրենքով, հակասում է նոր Սահմանադրությամբ սահմանված նրանց իրավասության շրջանակին։
Մարզպետը հաջողության կհասնի միայն համայնքների միջնորդի դերն արդյունավետ իրականացնելու պարագայում, համայնքների հետ թիմային համագործակցության դերքում։
Մարզպետների լիազորությունների շրջանակի հարցը միշտ արդիական է եղել, հիմա՝ կրկնակի»։