«Հստակ հանձնարարական ունեմ վարչապետից, իսկ ֆեոդալները մարզպետի խնդիրը չեն».Արմավիրի նորանշանակ մարզպետ
«Իմ մասնագիտության մեջ առաջնահերթ է եղել կանխարգելումը, ոչ թե բուժումը. մարզում էլ առաջին հերթին կատարելու ենք կանխարգելիչ աշխատանքներ»,- ասել է այսօր Արմավիրի մարզպետ նշանակված Գագիկ Միրիջանյանը:
Այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Միրիջանյանն ասել է, որ մասնագիտությամբ հանրային առողության կազմակերպիչ է: Այսինքն՝ իր մասնագիտությունը հենց բուժական գործը չէ, այլ՝ հանրության հետ կատարվելիք աշխատանքները:
«Ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում կհասկանաք, թե որ ուղղությամբ են գնում մեր աշխատանքները: Այս պահի դրությամբ, հստակ հանձնարարական ունեմ վարչապետից, թույլ տվեք չբարձրաձայնեմ: Ժամանակի ընթացքում կիմանաք, թե ինչի մասին է խոսքը»,-ընդգծեց Միրիջանյանը:
Դիտարկմանը, թե Արմավիրի մարզում կան տեղի ֆեոդալներ, որոնք մեծ ազդեցություն ունեն մարզում, ինչպե՞ս է չեզոքացնելու նրանց ազդեցությունը, Միրիջանյանը պատասխանեց. «Ֆեոդալները, մյուսները մարզպետի ֆունկցիաների մեջ չեն մտնում: Ես այս պահի դրությամբ ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում: Հնարավոր է աշխատանքի ընթացքում որոշակի խոչընդոտների հանդիպենք, բայց վստահ եմ, որ բոլորն էլ հարթվելի խոչընդոտներ են»:
Գագիկ Միրիջանյանը հոգեբուժական կենտրոնի տնօրենն է: Միրիջանյանը որոշ ժամանակ աշխատել է առողջապահության փոխնախարար, իսկ դրանից առաջ Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարն էր: Գագիկ Միրիջանյանը վաստակավոր բժիշկ Մուշեղ Միրիջանյանի որդին է: