Եթե Ադրբեջանը ցանկություն հայտնի անդամակցել ԵԱՏՄ-ին՝ ՀՀ-ն միանշանակ դեմ կլինի. Զոհրաբ Մնացականյան
Ռուսական Կոմերսանտին տված հարցազրույցում անդրադառնալով՝ Ադրբեջանի ադամակցությանը ԵԱՏՄ-ին՝ ՀՀ արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանը ասել է.
«Մենք գործ ունենք մի պետության հետ, որը ջանքեր չի խնայում խրախուսելու ատելության մթնոլորտը: Տեսեք, թե ինչպիսի հռետորաբանություն է օգտագործում Բաքուն Հայաստանի և ամբողջ աշխարհի հայության դեմ: ԵԱՏՄ-ն դա համագործակցության կազմակերպություն է, ի՞նչ եք մեզանից սպասում»:
Ճշտող հարցին՝ այս պատասխանից կարելի՞ է ձևակերպել Հայաստանի դիրքորոշումը, որպես դեմ, եթե Ադրբեջանը ցանկանա անդամակցել ԵԱՏՄ-ին, ԱԳ նախարարը դրական պատասխան է տվել. «Դուք ձևակերպեցիք Հայաստանի դիրքորոշումը: Հայաստանը չի կարող հաշվի չնստել իրողությունների հետ, մենք չենք կարող դրանք հաշվի չառնել համագործակցության վերաբերող հարցերի քննարկման ժամանակ:
Իսկ իրողություններն այնպիսին են, որ մենք ունենք իրավիճակ, երբ միանշանակ մերժվում է ամեն տիպի համագործակցությունը: Այդ թվում նաև մարդկային շփումները, էլ չեմ ասում տնտեսական համագործակցության մասին: Եվ ինչի՞ մասին ենք խոսում, ունենալ մի դիտորդ, որն արհամարհում է պետություններից մեկի՞ն: Որը կարծում է, որ այդ պետության հետ պետք չէ նույնիսկ խոսե՞լ»,- հավելել է Զոհրաբ Մնացականյանը: