Կառավարության ծրագիր. Զինված ուժեր
Զինված ուժերը պետք է գործնականում զերծ մնա քաղաքական եւ ընտրական գործընթացների վրա որեւէ հնարավոր ապօրինի ազդեցությունից։ Զինված ուժերի անձնակազմը՝ շարքայինից մինչեւ գեներալ, պետք է հնարավորություն ունենա որպես Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացի ընտրություններում իր կամքը արտահայտել առանց ապօրինի ներգործությունների։ Այս մասին ասված է նոր կառավարության ծրագրում, որը հունիսի 7-ին ԱԺ–ում ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ծրագրում նշվում է նաեւ, որ անհրաժեշտ սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով եւ նյութատեխնիկական միջոցներով համալրվածությամբ, ռազմական կառավարման արդիական համակարգերի ներդրմամբ, ինչպես նաեւ անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանմամբ բարձրացնել ՀՀ Զինված ուժերի մարտունակության մակարդակը։
Ծրագրում շեշտվում է, որ պետք է ժամկետային զինծառայողների պատշաճ եւ ամբողջական նյութական բավարարումը կազմակերպել այնպես, որ ժամկետային զինծառայողների ծնողները ստիպված չլինեն շոշափելի մասնակցություն ունենալ այդ գործընթացին։