Արտակ Զեյնալյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է ՔԿՀ-ների վիճակը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոս Դաումային:
Նախարարությունից հայտնում են, որ նախարարը դեսպանի հետ զրույցում ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջնահերթությունները՝ իրավական եւ դատական բարեփոխումներ, Պրոբացիոն ծառայության կարողությունների զարգացում, քրեակատարողական հիմնարկների բարելավմանն ուղղված աշխատանքներ, մասնավորապես, անազատության մեջ պահվող անձանց զբաղվածության ապահովում եւ նրանց տրամադրվող սննդի որակի բարձրացում:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նշված ոլորտներում համագործակցելու հնարավորություններն ու վերահաստատել փոխգործակցությունն առավել խորացնելու եւ չափելի արդյունքներ արձանագրելու պատրաստակամությունը»: