Հայաստանի կառավարությունն ունի բավարար կամք երկրում բիզնեսի զարգացման համար. Պապիկյան
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի գլխավորած բրիտանական գործարար պատվիրակությանը։ Պատվիրակությանը ուղեկցել է ՀՀ-ում ՄԹ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։
Ողջունելով դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին եւ պատվիրակության մյուս անդամներին՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ շատ ուրախ է հյուրընկալել Միացյալ թագավորության այսօրինակ ընդարձակ պատվիրակությանը: Նախարարը ներկաներին պատմել է վարչատարածքային բարեփոխումների, մարզերի զարգացման հնարավորությունների, ինչպես նաեւ տարածքների հավասարաչափ զարգացման վերաբերյալ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության մասին եւ հույս հայտնել, որ այս նախաձեռնությունների մեջ արդյունավետ կերպով կօգտագործվի նաեւ հայ-բրիտանական հարաբերություններում առկա տնտեսական մեծ ներուժը։
ՄԹ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին ընդունելության համար եւ տեղեկացրել, որ սա բրիտանական առաջին մեծ բիզնես պատվիրակությունն է, որ գալիս է Հայաստան, ինչը, անշուշտ, հանդիսանում է բրիտանական կառավարության կողմից երկկողմհամագործակցության պատրաստակամության արտացոլանքը:
ՄԹ առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդը, շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հայտնել է, որ Միացյալ թագավորությունը մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում երկկողմ առեւտրային հարաբերությունների խորացմամբ եւ վստահություն հայտնել, որ նոր կառավարությունը բաց կլինի բիզնես-ներդրումների եւ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում։
Նախարար Պապիկյանը, եւս մեկ անգամ կարեւորելով բրիտանական բիզնես- պատվիրակության այցը, ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունն ունի բավարար կամք երկրում բիզնեսի զարգացման, ազատ շուկայական հարաբերությունների խորացման համար եւ բաց է ու պատրաստ համագործակցել այն բոլոր գործընկեր պետությունների հետ, որոնք ցանկություն ունեն իրենց փորձով եւ հնարավորություններով նպաստել եւ աջակցել մեր երկրի զարգացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ներդրումային միջավայրի թափանցիկության ու ազատականացման, ինչպես նաեւ երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր։