Արթուր Գրիգորյանը գոհ է էներգետիկայի ոլորտում հայ-բրիտանական համագործակցության ձևավորման համար
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստան ժամանած բրիտանացի գործարարների պատվիրակությանը` Հայաստանում եւ Վրաստանում Միացյալ Թագավորության Առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի գլխավորությամբ:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը գոհունակություն է հայտնել էներգետիկայի ոլորտում հայ-բրիտանական համագործակցության ձեւավորման վերաբերյալ եւ համոզմունք հայտնել, որ գործարարների այցը եւս մեկ ազդակ կդառնա գործակցության զարգացման ու ընդլայնման համար:
Արթուր Գրիգորյանը գործարարներին է ներկայացրել էներգետիկայի եւ բնական պաշարների բնագավառի ռազմավարությունը, ինչպես նաեւ ներդրումային ծրագրերը:
Կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի եւ վերահաստատել համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը: